1994թ., 1995թ. հրադադարի համաձայնագրերի կատարման ապահովումը գերակա խնդիր է.ՌԴ ԱԳ նախարար
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում վերահաստատեց,որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: «Սկզբունքորեն գերակա խնդիր է 1994թ., 1995թ. հրադադարի համաձայնագրերի կատարման ապահովումը: Այդ պայմանագրերն անժամկետ են և ենթակա անհապաղ կատարման: Դրանք պետք է հարգվեն բոլորի կողմից: Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ` համագործակցելու կողմերի հետ: Այս պահին հարգելով հրադադարի առկա պայմանագրերը, պետք է անել հնարավորինը, որպեսզի գործնական հիմքի վրա դրվեն փոխադարձ վստահության, անվտանգության ապահովման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ առաջարկները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ռուսաստանի միջնորդությամբ 2011թ. և որոնց կյանքի կոչման ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ: Այդ գործընթացի դանդաղեցումը ճիշտ չէ»,- ասաց Լավրովը և կոչ արեց թույլ չտալ հրադադարի պայմանավորվածությունների խախտումներ` ցավակցություն հայտնելով նաև ապրիլի սկզբին բռնության պոռթկման հետևանքով զոհվածների հարազատներին: «Հայաստանը Կազանի փաստաթղթից չի հրաժարվել»,- ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Հայաստանը հրաժարվել է Կազանի փաստաթղթից: «Նույն հետ քայլը, կամ մերժումն Ադրբեջանը արեց ոչ միայն Կազանում, այլ դրանից առաջ Սոչիում, դրանից առաջ Մոսկվայում, դրանից առաջ Աստրախանում, դրանից առաջ Պետերբուրգում: Այդպես կարող ենք գնալ և հասնել տասը տարի առաջ, երբ Փարիզում էին բանակցություններն ընթանում: Իրականությունը սա է»,-ՀՀ արտաքին գործերի նախարարն ասաց, իր գործընկերը հաստատեց, որ Հայաստանը չի մերժել, այլ Ադրբեջանը:
