ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի.Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց,որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Այն պետք է կարգավորվի բացառապես քաղաքական դիվանագիտական ճանապարհով: Սկզբունքորեն գերակա խնդիր է 1994թ.,1995թ. հրադադարի համաձայնագրերի կատարման ապահովումը: Այդ պայմանագրերն անժամկետ են և ենթակա անհապաղ կատարման: Դրանք պետք է հարգվեն բոլորի կողմից: Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ` համագործակցելու կողմերի հետ: Այս պահին հարգելով հրադադարի առկա պայմանագրերը, պետք է անել հնարավորինը, որպեսզի գործնական հիմքի վրա դրվեն փոխադարձ վստահության, անվտանգության ապահովման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ առաջարկները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ռուսաստանի միջնորդությամբ 2011թ. և որոնց կյանքի կոչման ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ: Այդ գործընթացի դանդաղեցումը ճիշտ չէ»,- ասաց Լավրովը և կոչ արեց թույլ չտալ հրադադարի պայմանավորվածությունների խախտումներ` ցավակցություն հայտնելով նաև ապրիլի սկզբին բռնության պոռթկման հետևանքով զոհվածների հարազատներին:
