ՏԻՄ-երում ընտրությունները տեղի են ունենալու այնպես, ինչպես Երևանում
Այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացվել Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը նախատեսվում է ներառել ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: «Ընտրությունները շարունակում են մեր շրջանում լինել ցածր վստահություն վայելող և անհրաժեշտություն է առաջացել էական փոփոխություն մտցնել և ստեղծել այնպիսի համակարգ, որը հնարավարություն է ստեղծում վերականգնելու առկա պատկերը, բացահայտելու ընտրախախտումները, որը կունենա էական նշանակություն և կունենա էական կանխարգելիչ հանգամանք»,- հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա` առաջին փոփոխությունն այն է, որ ՏԻՄ-երում ընտրությունները տեղի են ունենալու այնպես, ինչպես Երևանում: Դ.Հարությունյանի խոսքով` երկրորդ հիմնական դրույթը համամասնական ընտրական համակարգին անցումն է, որն ունի լուրջ խնդիր, որ եթե ներկայացվի պարզունակ եղանակով, ապա հիմնական թերությունն այն է, որ ընտրությունը կենտրոնանում է քաղաքներում. «Առաջարկել ենք մեկ այլ մոդել, որ լայնորեն տարածված է Եվրոպայում` բաց համամասնական մոդելը, որ ՀՀ-ն բաժանվում է որոշակի տարածքների: Այստեղ պահ կա, որ սահմանափակող ժողովրդավարություն է համարվում, որ թեկնածուներին որոշում են կուսակցությունները և քաղաքացիները հնարավորություն չունեն ընտրելու թեկնածուներին այն հերթականությամբ, որն ինքն է ուզում»:
