Ինչու՞ է միայն «Լիդիանը», որպես կողմ ներգրավվել փորձաքննությանը (video)
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Էլարդ»–ի զեկույցից ցիտեց, որ հնարավոր չէ պատասխանել հարցին, արդյոք հանքի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ։
«Եթե այդ միջոցառումներն իրականացվեն պատշաճ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի և եթե բնապահպանական ռիսկերը լինեն կառավարելի, նշանակում է վնաս չկա, որպեսզի մի հատ էլ չափենք վնասն ինչ աստիճանի է»,–ասաց քննչական խմբի ղեկավարը։
Հարցին, ինչու՞ է միայն «Լիդիանը», որպես շահագրգիռ կողմ ներգրավվել փորձաքննությանը, Իվանյանը պատասխանեց. «Քննչական կոմիտեն «Լիդիանի» պարզաբանումները, ներկայացրած հիմնավորումները և փաստարկները քննարկել և վերլուծել է քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների հետ, իսկ ինչ վերաբերվում է «Լիդիանին», որպես կողմ ներգարվվելուն, ապա Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում գործով շահագրգիռ կողմին կողմ ներգրավվելը։ Այսինքն մենք գործ ունենք պետության պոզիտիվ իրավունքի իրացման հետ և պետությունը պետք է ապահովի հնարավոր բոլոր միջոցները, որոպեսզի տվյալ կողմը հնարավորություն ունենա ներկայացնելու իր պարզաբանումները, արդարացումները»:
Այնուամենայնիվ Պ. Իվանյանը շեշտեց նաև, որ վերջնական գնահատականը տալիս է վարույթն իրականացնող մարմինը։
