Հայր ու որդի դիրքերում էին, հոր կողքից է գնացել
Ապրիլի 5-ից անհետ կորած եւ միայն երեկ հայկական կողմին հանձնված Արգիշտի Գաբոյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Հարազատներն արդեն ճանաչել են իրենց որդու դին: Քիչ առաջ hraparak-ի հետ զրույցում Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանն ասաց, որ իրենք արդեն Երևանում են եւ պատրաստվում են հայրենի գյուղ տեղափոխել 25-ամյա լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի մարմինը: «Հայր ու որդի կռվել են նույն դիրքերում, հոր կողքից է գնացել: Տան ավագ որդին էր, քույր ու եղբայր էլ ունի: Ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, վաշտի հրամանատար էր, ափսոս չհասցրեց անգամ ամուսնանալ»,-խորը ցավով ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ վաղը Մեծ Մանթաշում տեղի կունենա հերոսի հոգեհանգստյան կարգը, հավանաբար ժամը 17:00-ին, իսկ ապրիլի 23-ին՝ հուղարկավորությունը: Նշենք, որ Արգիշտի Գաբոյանը քառօրյա պատերազմի ընթացքում Շիրակի մարզի11-րդ արիաբար ընկած հերոսն է: Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, ապրիլի 20-ին, ժամը՝ 16․00-ին, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը, քիչ ուշ պարզ դարձավ, որ անհետ կորած 25-ամյա լեյտենանտ Արգիշտի Գաբոյանն է: Արևիկ Հակոբյան, Գյումրի hraparak.am
