Կյանքի գնով էլ լինի, պետք է մեր դրոշը բարձրացնենք Բրազիլիայում.Հռիփսիմե Խուրշուդյան
Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում իր հաջողության մասին շատ չխոսեց, քանզի նրա բոլոր մտքերն այժմ կապված են առաջիկա Օլիմպիական խաղերի հետ: «Շատ կցանկանամ, որ այսպիսի հաջողություններով վերադառնանք նաև Օլիմպիական խաղերից:Պետք է բարելավենք մեր ցուցանիշները: Հայաստանից 7 հոգի ենք լինելու Օլիմպիական խաղերում՝ 2 աղջիկ և 5 տղա: Այս պահին նախատեսված է, որ ես ու Նազիկն ենք մասնակցելու»,- տեղեկացրեց Եվրոպայի նործընծա չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը և նշեց, որ իր խնդիրը նաև անձնական քաշը բարձրացնելն է: «Մրցակիցները 100 կգ-ից ավելի են, իսկ ես՝ 87: Եթե 20 կգ ավելացնեմ, բնականաբար, ավելի բարձր քաշ կհաղթահարեմ: Ի դեպ, երկար ժամանակ է՝ աշխատում եմ անձնական քաշի բարձրացման ուղղությամբ: Նույնիսկ բժիշկներ են աշխատել ինձ հետ: Ամեն ինչ կանենք՝ նոր հաջողությունների հասնելու համար: Կյանքի գնով էլ լինի, պետք է մեր դրոշը բարձրացնենք Բրազիլիայում»,- նշեց Խուրշուդյանը:
