«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց». Коммерсантъ
Ռուսական «Коммерсантъ» թերթում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված հոդված: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմում հայտնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին դիմելու մասին, որի ժամանակ առաջարկվել է վերսկսել ինտենսիվ բանակցությունները, որոնք, իբր, «պետք է սկսվեն մոտ օրերս»: Կրեմլում թերթի զրուցակիցը հայտնում է, որ Մոսկվան «առաջնակարգ նշանակություն» է տալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Կարողանալով համոզել Երևանին և Բաքվին՝ դադարեցնել ռազմական գործողությունների ակտիվ փուլը՝ Վլադիմիր Պուտինը մտադիր է վերսկսել խաղաղ գործընթացը՝ հետխորհրդային տիրույթում ամենահին հակամարտությանը երկարատև լուծում գտնելու նպատակով: Երկխոսության վերսկսման դեպքում Ղարաբաղյան խնդրի կարգավորման նախաձեռնությունը կանցնի արևմտյան միջնորդներից Մոսկվային: Պարբերականը մեջբերում է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի խոսքերը, ով հայտարարել էր, թե «նախաձեռնությունը ստացվել է Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, ու հիմա պատրաստվում է բանակցային գործընթաց: Հնարավոր է՝ մոտ օրերս սկսվի բանակցությունների ինտենսիվ գործընթացը»: Կրեմլում «Коммерсантъ»-ի բարձրաստիճան աղբյուրը երեքշաբթի հաստատել է. «Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տալիս են առաջնակարգ նշանակություն: Մենք գործարկել ենք անհրաժեշտ բոլոր դիվանագիտական մեխանիզմները, որպեսզի ամենամոտ ժամանակներս նստեցնենք բանակցային սեղանի շուրջ»: Լեռնային Ղարաբաղում նոր բանակցությունների գաղափարը դիմավորեցին զգուշավորությամբ: ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարեց. «Եթե տեղի ունենան նման բանակցություններ, ապա հիմնական շեշտադրումները պետք է արվեն տարածաշրջանոմ խաղաղության ու կայունության պահպանման վրա»: Նրա խոսքով՝ անհնար կլինի առանց ԼՂՀ մասնակցության հասնել Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը: Նշվում է, որ 2011թ. Կազանում ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման «ճանապարհային քարտեզը»: Այն նախատեսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքների (Ջաբրաիլ, Զանգելան, Կուբաթլի, Քելբաջար, մասնակի՝ Ֆիզուլիի և Աղդամի շրջան, գումարած Լաչինի շրջանի 13 գյուղերը) վերադարձ Ադրբեջանին, և Լաչինի միջանցքի ստեղծում, որը կկապեր Հայաստանը և Արցախը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց՝ հանրաքվեով, պայմանով, որ լուծվեր փախստականների խնդիրը,-գրված է հրապարակման մեջ։
