Անձամբ ընտրակաշառքի բաժանման դեպք չեմ տեսել, բայց բազում ահազանգեր եմ լսել.Էդգար Առաքելյան
«Ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում անձամբ ընտրակաշառքի բաժանման դեպք չեմ տեսել, բայց բազում ահազանգեր եմ լսել: Բայց դա երևույթ է, որ միգուցե չես կարող ապացուցել, բայց գիտենք բոլորս, որ այդպես է»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը` չհամաձայնելով մյուս բանախոս, հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկման հետ, որ Հրազդանում նորմալ ընտրություններ են անցկացվել: «Ես եղել եմ տեղամասում, երբ զգացվում էր, որ մարդիկ պայմանավորված խմբերով գալիս են»,-ասաց Էդգար Առաքելյանը :Իսկ հարցին , որ «լավ հարևանություն է, միգուցե», նկատեց, որ այդ լավ հարևանությունը միայն ընտրությունների ժամանակ է ի հայտ գալիս: «Մի տատիկ եկավ, ընտրեց, հետո քվեարկությունից հետո հանձնաժողովի անդամին ասաց.« Ես եկա, իմ պարտքը կատարեցի»՝ ցույց տալով, որ ինքը եկել է, բայց հանձնաժողովի անդամը հասցրեց հասկացնել, որ չշարունակի»,-ասաց ՀՎԿ թեկնածուն:
