ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան (video)
Գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայությունը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ, բայց նրանք վաղուց տանուլ են տվել իրավական դաշտում:Նախաքննական մարմինները մինչ այժմ չեն կարողացել հիմնավորել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությանը՝ Ալումյանն ասաց, որ դա կապված է Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշման հետ։
«Փետրվարին մի քաղաքացուց հաղորդում է եղել հանցագործության մասին, նրանից ստացել են բացատրություն, հավաքել են նյութեր ու որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը։ Դատախազը դա հաստատել է։ Հետո այդ ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ նոր ապացույցներ ի հայտ եկան, որ երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ արձակեց պարոն Քոչարյանին, հանկարծ այդ որոշումը վերացվեց ու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց», - նկատեց Ալումյանը։
« Գրիգորյանի հետ կատարվածը հուզում է իրենց, քանի որ Քոչարյանի գործը հենց հիմա նրա վարույթում է և բացի այդ, նրա նկատմամբ կատարվածը հարված է նաև մյուս դատավորներին։Այս գործողություններով դատավորներին բաց տեքստով ասվում է՝ չհամարձակվեք այս գործով պարոն Քոչարյանի օգտին որևէ որոշում կայացնել, այլապես կհայտնվեք դատավոր Դավիթ Գրիգորյանի վիճակում։ Սրանից պարզ մեսիջ հնարավոր չէ պատկերացնել», - ասաց Ալումյանը։
