Ինչո՞ւ է հիմա ՊԵԿ-ը հիշել թերի պլանավորման մասին

«168 Ժամ»-ը գրում է․ «Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շուրջ 63 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել այս տարվա առաջին կեսին, քան նախատեսված է եղել պետական բյուջեով։ Վեց ամսում կատարվել է ամբողջ տարվա կտրվածքով կանխատեսված գերակատարումը։ Թվում է, թե փայլուն արդյունք է։ Բայց արդյո՞ք այդպես է։

Հարկային եկամուտների պլանը, անշուշտ, միշտ էլ կարելի է գերակատարել։ Դրա համար ընդամենն անհրաժեշտ է նախապես ավելի քիչ եկամուտ պլանավորել։ Իսկ հետո կարելի է ավելի հավաքել և հայտարարել, որ պլանը գերակատարվել է։ Իհարկե, դրանից շատ բան չի փոխվի, բայց կարևորը՝ հասարակությունը կտեսնի, թե որքան լավ է աշխատում կառավարությունը։

Ի դեպ, այս տարի կարծես փոխվել է մոտեցումը նաև բյուջեի եկամուտների ճշգրտման առումով։ Սովորաբար ամեն տարվա սկզբին կառավարությունը՝ տարբեր գործոններով պայմանավորված, ճշգրտումներ է մտցնում բյուջեի ցուցանիշներում։ Թեև այս տարի ևս նման ճշգրտում կատարվել է, այնուհանդերձ ցուցանիշների փոփոխությունն անհամեմատ համեստ է. ի սկզբանե պլանավորված 1 տրիլիոն 403 մլրդ դրամից հարկային եկամուտները հասցվել են 1 տրիլիոն 407 միլիարդի։ Ճշգրտումը կազմել է ընդամենը 4 մլրդ դրամ։

Որպեսզի պարզ լինի՝ շատ է, թե քիչ, ներկայացնենք անցած տարվա ցուցանիշները. 2018թ. պետական բյուջեով ի սկզբանե պլանավորված էր հավաքել 1 տրիլիոն 248 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք, սակայն ճշգրտումների արդյունքում այն ավելացվեց ևս 13,9 միլիարդով։ Թերևս, դրա հետևանքով էլ Պետեկամուտների կոմիտեն չկարողացավ ամբողջությամբ կատարել բյուջեի հարկային եկամուտների պլանը։ Մի կողմից՝ նման իրավիճակի առջև չկանգնելու, մյուս կողմից` եկամուտների ավելի բարձր գերակատարում ցույց տալու համար էլ, ըստ էության, այս տարի ընտրվել է ավելի համեստ ճշգրտումներ կատարելու տարբերակը։

Բյուջեի եկամուտների գերակատարման մասին վարչապետը հայտարարեց դեռևս մի քանի ամիս առաջ։ Նախապես խոսքը 40 մլրդ դրամի մասին էր, որը հետո ավելացվեց ևս 22 միլիարդով։

Ըստ էության, առաջին կիսամյակի գերակատարումն այդքան էլ կազմել է։ Նույնիսկ մի փոքր էլ ավելի է հավաքվել։

Եթե առաջին կիսամյակում է հավաքվել այդքան ավելի գումար, ապա տրամաբանորեն մուտքերի գերակատարումը պետք է պահպանվեր նաև հետագա ամիսներին։ Բայց պարզվում է՝ այդպես չի լինելու, և նման հույսեր չպետք է փայփայել։ Պետեկամուտների կոմիտեի նախագահն արդեն այժմվանից փորձում է ապահովագրել իրեն` հայտարարելով, որ նման սպասելիքներ չպետք է ունենալ։

Ընդհակառակը` երրորդ եռամսյակի պլանավորված ցուցանիշը նույնիսկ կթերակատարվի։ Պատճառը համարվում է հարկային եկամուտների եռամսյակային համամասնությունների ոչ ճիշտ պլանավորումը։

Սրանով ՊԵԿ նախագահը գնդակը տեղափոխում է ՀՀ ֆինանսների նախարարության դաշտ։ Բյուջեի եռամսյակային համամասնությունները պլանավորում է հենց այս նախարարությունը։

Իհարկե, Պետեկամուտների կոմիտեի նախագահի դժգոհությունը տարօրինակ է, որովհետև դատելով Դավիթ Անանյանի հայտարարություններից` ՊԵԿ-ը դրան տվել է իր համաձայնությունը։ Ու զարմանալի է, որ տարվա կեսին նոր կոմիտեի նախագահը հիշել է եռամսյակային համամասնությունների ոչ ճիշտ պլանավորման մասին։ Իսկ ինչո՞ւ նա այդ հարցին չէր անդրադառնում, ասենք` առաջին եռամսյակի ցուցանիշներն ամփոփելու ժամանակ։ Հատկապես որ, գրեթե ամեն տարի նույն իրավիճակն է։

«Երկրորդ եռամսյակը միշտ համարվել է հարկային տարվա հարկային եկամուտների կատարման առումով ամենաարդյունավետ շրջանը։ Հետևաբար` առաջին կիսամյակը պլանավորելիս պետք է համամասնություններն այդ կերպ պլանավորվեին։ Չպետք է երրորդ եռամսյակի մուտքերն ավելի շատ պլանավորվի, քան երկրորդինը,- ասում է ՊԵԿ նախագահը՝ հավելելով,- Միգուցե ծախսերը կատարելու համար այդպիսի ֆինանսական միջոցնե՞ր են պետք եղել։ Համենայն դեպս, մեր գնահատումներով, ցուցանիշների տարբերությունը մոտ 40 մլրդ դրամ է. երկրորդ եռամսյակը պետք է ավելի շատ պլանավորվեր, քան երրորդը»։

Ժամանակին ՊԵԿ նախագահը, անշուշտ, ունեցել է հնարավորություն՝ չհամաձայնելու Ֆինանսների նախարարության ներկայացրած եռամսյակային համամասնությունների կանխատեսման հետ։ Բայց չի արել։ Չի արել, որովհետև հավանաբար այդպես ավելի նպատակահարմար է եղել։ Այդպես վարվելու համար Պետեկամուտների կոմիտեն, անշուշտ, որոշակի պատճառ կարող էր ունենալ։ Դրանով առաջին երկու եռամսյակների հարկային մուտքերի պլանը, չասենք՝ միտումնավոր, բայց նվազեցվել է` հավանաբար ավելի բարձր կատարողական ցույց տալու համար։

Ու դա, կարելի է ասել, կառավարությանը հաջողվել է։ Առաջին կիսամյակում 63 միլիարդի գերակատարումն այդ է ապացուցում։ Այլ հարց է, որ հիմա դրա հետևանքով խնդիրներ են առաջացել երրորդ եռամսյակի համար պլանավորված 373,7 մլրդ դրամ մուտքերը կատարելու առումով։

«Այո, մեր կանխատեսումներով՝ պլանավորված 373 միլիարդից մի 20-25 մլրդ դրամը չի կատարվի, կամ այսօր այդպիսի ռիսկեր կան»,- ասում է Դավիթ Անանյանը։

20-25 միլիարդը, անշուշտ, փոքր գումար չէ։ Ու չնայած տարվա վերջին եռամսյակի համար պլանավորված է հավաքել 382,6 մլրդ դրամ, ավելի շատ, քան նախորդ բոլոր եռամսյակներում, այնուհանդերձ Դավիթ Անանյանը հույս ունի, որ իրենց կհաջողվի երրորդ եռամսյակի թերակատարումը լրացնել տարեվերջին։

Ստացվում է, որ հարկային եկամուտների եռամսյակային համամասնությունները սկզբից մինչև վերջ թերի են պլանավորված։ Ու դրա թիվ մեկ մեղավորը Ֆինանսների նախարարությունն է։

Իհարկե, Ֆինանսների նախարարության նկատմամբ պահանջները միայն դրանով չեն սահմանափակվում։ ՊԵԿ նախագահը խնդիրներ է տեսնում նաև բյուջետային ծախսերի կատարման առումով։

«Որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե հավելյալ և ոչ միայն հավելյալ հավաքագրված գումարներն ի՞նչ արագությամբ, ինչպիսի՞ ժամանակացույցով և ի՞նչ արդյունավետությամբ կարելի է ծախսել, որպեսզի շրջապտույտից հավելյալ հարկային եկամուտներ ունենայինք»,- ասում է նա։

ՊԵԿ-ի նախագահի ասածների մեջ ճշմարտություն կա։ Բյուջեն ծախսերի առումով իսկապես լուրջ խնդիրներ ունի։ Եվ դա ոչ միայն Ֆինանսների նախարարության, այլև կառավարության թերությունն է, որ չի կարողանում ժամանակին կատարել պլանավորված ծախսերը։ Այսօր դրանք էապես հետ են ընկած նախատեսված ժամանակացույցից, ինչը լուրջ խնդիր է տնտեսության, ինչո՞ւ չէ, նաև հարկային ապագա եկամուտների կատարման առումով։ Ստացվում է, որ ՊԵԿ-ը գումարները հանում է տնտեսությունից, տանում բյուջե, բայց դրանք ծախսերի տեսքով ամբողջությամբ չեն վերադառնում շրջանառության մեջ, որպեսզի լրացուցիչ արդյունք ապահովեն։

Նման խնդիր նախկինում ևս եղել է, բայց այն սրվել է հատկապես իշխանափոխությունից հետո։ Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում բյուջեի ծախսերը վերադարձնել բնականոն հուն։

Թեև դեռ հարց է, թե մինչև տարեվերջ ի՞նչ կմնա նաև բյուջեի հարկային եկամուտների գերակատարումից։ Ոչ մի տրամաբանություն չկա՝ վեց ամսվա արդյունքներով դատողություններ անել տարեկան ցուցանիշների մասին։

Հատկապես որ, արդեն հիմա պարզ է` ինն ամիսների տվյալներով գերակատարումն այլևս 62 մլրդ դրամ չի լինի. այն կնվազի` ըստ ամենայնի կազմելով 37-42 մլրդ դրամ։ Թերևս, դա է պատճառը, որ արդեն այժմ ՊԵԿ նախագահը շտապում է հայտարարել, թե մինչև տարեվերջ հետ կբերեն կորցրած։

Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»։

դիտվել է 514 անգամ
Լրահոս
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին Լույսի առկայծում՝ մեծ խավարում. Սուրեն Սուրենյանց Իրանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները․ իրանագետ Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի. Լիլիթ Բլեյան Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ Արարատի մարզում 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել Տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց․ իրականացվում է ապօրինի գաղտնալսում․ Աշոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան Մրցանակդ բարով վայելես Միքայել Սրբազանը տնային կալանքի որոշումից հետո վերադարձել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am