Մեր մրցակիցները չունեն գեթ մեկ իրեղեն ապացույց, որը կֆիքսի ընտրակաշառքի բաժանման պահը
Հրազդանում առաջադրվելու խնդիրը բացարձակ կապ չունի Հրազդանը ավելի լավ դարձնելու Սասուն Միքայելյանի ցանկության հետ։ Այս մասին Հրազդանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հրազդանում ընթացող ընտրություններում իրենց թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի մրցակից Սասուն Միքայելյանի գործելաոճին։ Խոսելով Սասուն Միքայելյանի թիմի կողմից հնչեցվող հայտարարությունների մասին, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվում, Արմեն Աշոտյանը հակադարձեց՝ ասելով, որ չկա գեթ մեկ ապացույց այն մասին, որ ընտրակաշառք է բաժանվել։ «Ստեղծվել է լրատվական, քաղաքական որոշակի ուժերի դաշինք, որոնց նպատակն էր ոչ թե անաչառ լուսաբանել, այլ՝ կողմնակալ, խեղված ներկայացնել իրականությունը։ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարվեց, որ թեկնածուի կողմից 200-400 հազար ընտրակաշառք է բաժանվել, ընդունենք՝ միջինում 300 հազար, մեղադրեցին, որ տասը հազար դրամ է բաժանվում։ Ըստ մեր ընդդիմախոսների՝ թիվը պետք է հասներ 15 հազար մարդու։ Մեր մրցակիցները, սակայն, չունեն գեթ մեկ իրեղեն ապացույց, որը կֆիքսի ընտրակաշառքի բաժանման պահը։ Որևէ մի հոգի, որևէ լրատվամիջոց չունի ձայնա կամ լուսա ապացույց, այն դեպքում, որ պնդում են, որ 15 հազար ձայն է գնվել, որ Հրազդանի բնակիչների ճնշող մեծամասնությունն էլ իրենց համակիրներն են ու կրկնակի անհասկանալի է, թե ինչու պոտենցիալ կաշառքի դեպքերից ոչ մեկը չի հայտնվել լրահոսում։ Սա հերյուրանք ենք համարում, ընթացքը վարկաբեկելու անհաջող փորձ»,- հավաստիացրեց Արմեն Աշոտյանը։ ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ եթե ընդունել, որ 5 ընտրախախտում է տեղի ունեցել 22 հազար ընտրողների պարագայում, ու դրանք կատարված լինեն Արամ Դանիելյանի կողմնակիցների կողմից, ապա չի կարող ազդել ընտրությունների որակի, ընթացքի վրա։
