ԶԼՄ-ները սև գույնի ներքո են ներկայացրել Արամ Դանիելյանին. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ Հրազդանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի կենտրոնական շտաբում հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ այս օրերի ընթացքում ԶԼՄ-ները քարոզարշավը լուսաբանել են կողմնակալ և ակնհայտորեն սև գույների ներքո են ներկայացրել իրենց թեկնածուին: Ա. Աշոտյանը հերքեց նաև ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները՝ ընդգծելով, որ չկա փաստ դա ապացուցող, իսկ եթե կա, ապա պետք է լրագրողները ապացուցեն համապատասխան մարմիններին: Աշոտյանի խոսքով՝ իրենք դրական են գնահատում մինչ այս պահը անցկացրած ընտրությունների ընթացքը և, հղում անելով Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ արձանագրվել է 5 ընտրախախտման դեպք, ասել է. «Եվ եթե անգամ այդ հինգ ընտրախախտումները հօգուտ Արամ Դանիելյանի են, ապա վերջանական արդյունքում նրա ձայները կարող են պակասել միայն հինգով»: Լրագրողների այն դիտարկումներին, թե ինչո՞ւ իրենց թեկնածուն լրագրողների հետ չհանդիպեց, և հիմա ինքն է մեկնաբանություններ տալիս, Աշոտյանը պատասխանեց, որ ինքը որևէ պաշտոն չի զբաղեցնում, կուսակցության փոխնախագահն է և հետաքրքրված է ՏԻՄ ընտրություններով, և ողջ օրվա ընթացքում հետևելով մամուլին՝ որոշել է պարզաբանումներ ներկայացրել:
