«ՔՊ» -ն հերքում է
Հրազդան քաղաքում ՏԻՄ ընտրություններ են: Քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի վերաբերյալ նրա հակառակորդ, գործող քաղաքաապետ եւ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի վստահված անձանցից մեկը հայտարարություն էր տարածել, որ Սասուն Միքայելյանը իրեն ծեծի է ենթարկել: ՔՊ խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թիվ 14 դպրոցում տեղակայված 25/09 ընտրատեղամասի մոտ, Սասուն Միքայելյանը նկատել է, որ նշված անձը կաշառք է բաժանում, մոտեցել է ու հարցրել՝ ինչո՞ւ է ընտրակաշառք բաժանում. «Այդ անձը, ընտրակաշառքը, գումարը, սեղմելով գրպանի մեջ, հայհոյել է Սասուն Միքայելյանին ու ասել, որ լավ եմ անում: Այնուհետեւ դիմել է փախուստի, որից հետո Սասուն Միքայելյանի նման անձնավորությունը դժվար թե վազեր նրա հետեւից: Արամ Դանիելյանի տարածած հայտարարության վերաբերյալ մի հետաքրքրիր բան կարող եմ արձանագրել՝ երբ նրա շտաբի պետերից մեկը հարձակվեց ինձ վրա, ես այդ ամենը տեսաձայնագրել էի ու զանգահարել եմ ոստիկանություն: Իսկ այսօր տվյալ անձը, որը իբր տուժել է Սասուն Միքայելյանից, ինչ-որ տեղ նստած է, անգամ բժշկի չի դիմել: Դա այն սերիայից է, որ ինչ ուզում են, հայտարարում են գոյություն չունեցող փաստի մասին, որ տպավորություն ստեղծեն, եւ ինչու չէ նաեւ արդարացնեն նախկինում իրենց արած գործողությունները: Նաեւ այդպիսով փորձում են, ըստ իրենց, հավասարության նշան դնել իրենց ու ՔՊ միջեւ»: Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ հստակեցրեց՝ Սասուն Միքայելյանը որեւէ կոնտակտ չի ունեցել այդ անձնավորության հետ: Նա նաեւ նշեց, որ կեսօրի դրությամբ, չի կարող որեւէ ամփոփոխ տեղեկություն հայտնել, քանի որ բոլոր տեղեկությունները դեռեւս հավաքվում են:
