Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակը ավտոմեքենայից են նետել. նոր մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով ՝ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը և ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի բոլոր գործողությունները՝ պարզելու դեպքի հանգամանքները, գրում է Yerkir.am-ը: «Նախնական տվյալներով` 18:25-ի սահմաններում ավտոմեքենայից երկրորդ նախագահի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ է նետվել: Դեպքի վայրը զննվել է, հարցաքննվել են վկաները»,- տեղեկացրել է Տռուզյանը: Նա հավելել է, որ կատարվում են քննչական-օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է եղել, նռնակ են նետել:Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Ինչպես հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այժմ երկրորդ նախագահը գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին:
