«Մենք չպետք է հայտնվենք պաշարված ամրոցի կարգավիճակում». Շավարշ Քոչարյան
Արդյոք տեղյա՞կ եք, որ հանրության շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարի հրաժարականի պահանջ կա, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանեց,որ հետևում են մամուլին: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ԵՏՄ վարչապետների նիստին մասնակցելու հարցին՝ այն դեպքում, երբ Ղազախստանի առաջարկությամբ, ըստ էության ի պաշտպանության Ադրբեջանի, ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը տեղի ունեցավ Մոսկվայում, Շավարշ Քոչարյանն ասաց, որ գոյություն ունի երկու մոտեցում. «Մեկը պաշարված ամրոցի մոտեցումն է: Այսինքն՝ ի պատասխան ամեն քայլի, որ մենք մեր շահերին դեմ ենք գնահատում, ըստ էության, այսպես ասած, ընդունում ենք պաշարված ամրոցի կեցվածք՝ բոլորը մեզ թշնամի են, մենք մենակ ենք: Սա մոտեցումներից մեկն է»: Մյուս մոտեցումն, ըստ Շավարշ Քոչարյանի, հետևյալն է. «Հաշվի առնելով այն, որ բոլոր պետությունները առաջնորդվում են առաջին հերթին իրենց շահերով, այնուամենայնիվ, պետք է թույլ չտալ, որ մենք հայտնվենք այդ իրավիճակում, քանի որ հենց այդ նպատակը հետապնդում է մեր թշնամին՝ Ադրբեջանը»:
