ՊՆ-ն ՌԴ-ի հետ զինտեխնիկայի մատակարարման պայմանագրերը կստորագրի
ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին հարցը: Նախագծով պաշտպանական գերատեսչության ղեկավարին հանձնարարվում է ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները,նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը Կառավարությունը հանձնարարվեց նաև ՀՀ ֆինանսների նախարարին՝ իրականացնել հսկողություն պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը: Ըստ որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվում է համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016 թվականի ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը: Հիշեցնենք, որ վարկային այս պայմանագիրն Ազգային ժողովը վավերացրել է դեռևս անցած տարվա հուլիսի 2-ին՝ արտահերթ նստաշրջանում: ՌԴ-ն իրականում Հայաստանին ոչ թե պետք է 200 մլն դոլար վարկ տրամադրեր, այլ պետք է մատակարարեր 200 մլն դոլարի ռուսական արտադրության զինտեխնիկա: Ա.Ավագյան
