Ռուհանին Արցախի հարցում Ալիևին կոչ է անում
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին երեկ Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցություն կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Հանդիպման ժամանակ Ռուհանին ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով՝ հավելելով, որ ջանքերը պետք է ուղղվեն Ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն հրադադարի պահպանմանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների խորացման հարցը: Իրանի նախագահը հայտարարել է, որ պետք է օգտագործել Թեհրանի ու Բաքվի միջև կապերի ողջ պոտենցիալը, և կոչ է արել իրագործել համագործակցության մասին համաձայնագրերն ու հեշտացնել երկու երկրների մասնավոր սեկտորների միջև համագործակցությունը: Ռուհանին հայտարարել է, որ տարածաշրջանային բոլոր երկրները պետք է միասնաբար հանդես գան ահաբեկչության, ծայրահեղականության ու բռնությունների դեմ, քանի որ դրանք ընդհանուր սպառնալիքներ են: Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Իրանը Ադրբեջանի «լավագույն դաշնակիցներից» մեկն է՝ հավելելով, որ Թեհրանի ու Բաքվի միջև կապերն ունեն հիանալի հեռանկար:
