Արյունոտ գիշեր Թուրքիայում
Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում անցած գիշեր Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների եւ անվտանգության մարմինների միջեւ տեղի ունեցած բախումներում 5 մարդ զոհվել, 39-ը վիրավորվել են:
Դիարբեքիրի Չինար ավանում PKK-ի ազատամարտիկները միաժամանակյա հարձակումներ են գործել ավանի անվտանգության տնօրինության, ժանդարմերիայի հրամանատարության եւ ոստիկանական բաժանմունքների շենքերի վրա: Նրանք խոշոր տրամաչափի զենքերով կրակ են բացել եւ ինքնաշեն ռումբեր նետել: Մեքենայի պայթյունի արդյունքում ոստիկանական բաժանմունքներից մեկը մեծ վնաս է կրել, 2 հարկանի շենքը փլուզվել է: Հիշյալ վայրեր մեծ թվով շտապօգնության անձնակազմեր են ուղարկվել, հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը, :
Վերջին երկու օրերին դա Թուրքիայում երկրորդ խոշոր ահաբեկչական գործողությունն է: Հունվարի 12-ին Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեթ հրապարակում տրամվայի կանգառի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ համարվող անձն իրեն պայթեցրել է զբոսաշրջիկների խմբի մոտ: Միջադեպի արդյունքում 10 զբոսաշրջիկ, որոնցից 8-ը՝ գերմանացիներ, զոհվել են, 15 մարդ էլ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը խիստ ծանր է: