Էքստրասենսի սպանության գործով հարցաքննվեց Անի Զախարյանը
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի հետ ծանոթության ժամանակ ներկայացել է որպես 34 տարեկան երիտասարդ, որը հետաքրքված է Անիի ակտիվիստական գործունեությամբ եւ ցանկանում է աջակցել նրան: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասաց Անի Մաջնունյանի սպանության գործով վկա Անի Զախարյանը: «Նրան Ճանաչում եմ «Ֆեյսբուքից», ներկայացել էր որպես «Յանուս» թատրոնի ղեկավար: Ասաց, որ ցանկանում է կուսակցությանն աջակցել իր ակտիվիստական գործունեությամբ: Բաղրամյան պողոտայում ցույցերի ժամանակ հանդիպել ենք, երկուսս էլ մասնակցել ենք, նա բավականին ակտիվ է եղել, ես ինքս հոգածությամբ եմ վերաբերվում ակտիվիստներին…»,- ասաց Անի Զախարյանը: Նրա խոսքով` Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո իր եւ Մուշեղ Մխիթարյանի շփումը պահպանվել է. Մուշեղը պարբերաբար զանգել եւ զրուցել է իր հետ: Վկայի տեղեկացմամբ` Անի Մաջնունյանի սպանությունից մոտ մեկ շաբաթ առաջ Մուշեղը զանգել է իրեն ու ասել, որ մի խումբ տղաներ իրեն շենքի մուտքում մոտեցել եւ սպառնացել են, ասելով, որ կոչնչացնեն: «Ես էլ մտածեցի, որ քաղաքական պահեր կան Բաղրամյանից մնացած… Երբ նորից զանգեց ինձ, ամուսնուս հետ ընթրում էի, ասացի` արի հասկանանք, թե ով է քեզ սպառնում: Հետո հեռուստատեսությունից իմացա, որ Անի Մաջնունյանին սպանել են: Մուշեղը ներկայացավ սանրվածքը փոփոխած, այլ հագուստով: Համընկան այդ պահերը»,- ասաց Անի Զախարյանը: Նրա խոսքով` Մուշեղն իրեն պատմել է, որ էքստրասենսի սպանության օրը` երեկոյան, եղել է նրա տանը եւ հնարավոր է` ամենուր իր մատնահետքերը լինեն, հետեւաբար առաջին կասկածյալն ինքն է լինելու. «Դրանից հետո նա տեղ էր ման գալիս, որ տուն չգնար, չէր ուզում գնար տուն, որովհետեւ գիտեր` իրեն կարող են հետապնդել»: Որպես վկա հարցաքննվեց նաեւ սպանված էքստրասենսի մայրը, ով նշեց, որ Անին իրեն պատմել է ոմն Մխիթարի մասին, որը ռեժիսոր է, պատրաստվում է ֆիլմ նկարահանել: «Ասում էր, որ մի ռեժիսոր է հայտնվել, որի ֆիլմում պետք է ինքը խաղա եւ ինքն էլ հովանավորելու է ֆիլմը: Ասաց, որ անունը Մխիթար է, որը ասել է, թե ֆիլմը կիսատ է մնացել եւ գումար է պետք: Հետո պարզվեց, որ ոչ մի ֆիլմ էլ չկա, որ նա 20-ամյա խարդախ է եւ փողաշորթ: Ասաց, որ այդ տղան անընդհատ փող է ուզում, ինքն էլ տալիս է, մի անգամ էլ կես միլիոն է տվել»,- պատմեց Լորետա Գոլմիյանը: Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 21-ին:
