Բասկերի խորհրդարանը բանաձև է ընդունել Արցախի վերաբերյալ
Ադրբեջանը 2016թ-ի ապրիլի 2-ին աննախադեպ հարձակում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այս հարձակումը հանգեցրել է տասնյակ մահերի, այդ թվում և քաղաքացիական անձանց ու մի երեխայի: Այս մասին նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին Բասկերի երկրի խորհրդարանի ընդունած բանաձևում: Փաստաթղթում խորը մտահոգություն է հայտնվում 1994թ-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում հրադադարի վատթարագույն խախտման առնչությամբ և ցավակցություն է հայտնվում հակամարտության զոհերի կապակցությամբ: Բասկերի երկրի խորհրդարանը ողջունել է 2016թ-ի ապրիլի 5-ի կրակի դադարեցման պայմանավորվածությունը և հույս հայտնել, որ այն կպահպանվի: Կոչ է արվում նաև ստեղծել 2012թ-ից ի վեր Մինսկի խմբի կողմից առաջարկվող հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ, ինչպես նաև մերժել ուժի կիրառումը հակամարտության կարգավորման գործում: «Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին, որտեղ Լեռնային Ղարաբաղը պետք է տեղ ունենա, ինչի վերաբերյալ արդեն համաձայնություն է հայտնել այս խորհրդարանը».- ասված է բանաձևում:
