Շուտով Տամիֆլյու դեղը դեղատներում կվաճառվի ոչ ավելի, քան 11 500 դրամով
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածման խնդրին՝ հայտարարելով, որ համաճարակ չկա:Նա նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ պոլիկլինիկաները կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերը, որպեսզի հնարավորինս թոթափվի հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը՝ հաշվի առնելով, որ կա որոշակի մտահոգություն հիվանդանոցներում կուտակումների հետ կապված:Նախարարն ասաց, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա: «Համաճարակը բավական բարդ հաշվարկի ենթարկվող և բանաձևերով հաշվարկվող ցուցանիշ է: Մասնավորապես, խոսքը գնում է մեկ ու կես անգամ ավելի հիվանդացության շեմը գերացազնող թվի մասին, համաճարակ լինում է, եթե այդ շեմը 4-5 անգամ է գերազանցվում»,- ասաց նա:Նա անդրադարձավ նաև H1N1հարուցիչի դեմ բժիշկների ոկղմից նշանակվող Տամիֆլյու դեղամիջոցին, որն այս օրերին հանրապետության դեղատներում հնարավոր չէ գտնել: Նա ասաց, որ շուտով դեղատներում կլինի այդ դեղը:Տամիֆլյուի գինը վերջին շրջանում հասել էր մոտ 20 հազար դրամի: Այն տեղեկությունները, թե նախկինում դեղը 6000 դրամ էր ընդամենը, Արմեն Մուրադյանը հերքեց՝ նշելով, որ 2009 թվականից դեղը ներկրվել է Հայաստան, որևէ համապատասխան փաստաթղթում 9 հազար դրամից նվազ գին երբևէ չի եղել: Նա նշեց, որ շուտով այդ դեղը դեղատներում կվաճառվի ոչ ավելի, քան 11 500 դրամ, բայց դա ֆիքսված գին չէ, քանի որ շուկան է թելադրում գինը:
