Ադրբեջանը ցանկանում էր նաև ակտիվացնել քննարկումները ԼՂ հակամարտության շուրջ.քաղաքագետ
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն՝ անդրադառնալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանի կողմից նախահարձակ գործողություններին,լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ Ադրբեջանի նպատակն էր իրականացնել բլիցկրիգ, որը չստացվեց: «Կարծում եմ՝ բացի ռազամական նպատակը, Ադրբեջանը ցանկանում էր նաև ակտիվացնել քննարկումները Ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ընդհանրապես և հիմա հատկապես, Ադրբեջանը ցանկանում է թուլացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցությունն ու գործոնը: Այս անգամ ևս դա չստացվեց: Կարծում եմ՝ անհրաժեշտ է Ադրբեջանի կողմից հայկական կողմին վերադարձված դիերի փորձաքննությունը անցկացնել համանախագահ երկրների համապատասխան մարմինների փորձագետների և անկախ դատաբժշկական ոլորտի փորձագետների հետ միասին, որպեսզի հետագայում Ադրբեջանը հարցականի տակ չդնի խոշտանգումների վերաբերյալ հարցը»,-հայտարարեց Ստեփան Գրիգորյանը և հավելեց, որ Հայաստանն առանց երաշխիքների չպետք է նստի բանակցային սեղանի շուրջ: «Այդ երաշխիքները պետք է լինեն երկուսը՝ դիպուկահարներին դուրս բերել և շփման գծում տեղադրել հրադադարի խախտումն արձանագրող սարքեր»,- ասաց նա: Ա.Ավագյան
