Թուրքիայում ամեն ինչ կատարվում է մեկ մարդու`Էրդողանի կարգադրությամբ. Հասանով
Հայաստանում բնակվող քրդերը միջազգային հանրությանը կոչ են անում բռնել ցեղասպան թուրքերի արյունոտ ձեռքը:
Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը:
«Թուրքիայում Մեջլիսի ընտրություններից առաջ և հետո թուրք իշխանությունները սկսել են պատերազմ քուրդ ժողովրդի դեմ: Անում են ամեն ինչ, որ ոչնչացնեն, սպանեն, ազդեն քրդերի վրա, որպեսզի նրանք չկարողանան իրենց ազատագրական պայքարն առաջ տանել: Քրդերը հայտարարեցին, որ եթե իրենց չեն ընդունում որպես ազգ, իրենք կարող են ինքնակառավարման մարմիններ ստեղծել ու չենթարկվել իշխանությանը: Էրդողանը սկսեց արտակարգ դրություն ստեղծել Թուրքիայում այն վայրերում, որտեղ քրդեր կան, առաջ բերեց մեծ զոհեր, ավերածություններ»,- նշեց Կնյազ Հասանովը: Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահը շեշտեց, որ իրենք դատապարտում են այն երևույթը, երբ քրդական աշխարհում զոհեր են լինում: «Թուրքիայում մեր ակտիվիստները սպանվում են, խոշտանգումների ենթարկվում: Թուրքիայում ամեն ինչ կատարվում է մեկ մարդու`Էրդողանի կարգադրությամբ, նրա կարգադրությամբ հրամայված է, որ մարդիկ տներից դուրս չգան, ովքեր դուրս են գալիս, գնդակահարվում են, և չի թույլատրվում նրանց մարմինները թաղել: Մնացածները սննդի, ջրի պակասի պատճառով սովամահ են լինում: Թուրք իշխանություններն ամեն ձևով ճնշումներ են իրականացնում, որ քրդերն իրենց ազգային ազատագրական պայքարն առաջ չտանեն»,-շեշտեց նա: