Ինչու պետք է զինվորը 80-ականների զենքով կռվի հարցի պատասխանը տվել են.ՀՀԿ
«Բայց շատ հարցերում մեր դիրքորոշումը վերանայելու անհրաժեշտություն կա: Մեր դիրքորոշումը պետք է լինի ավելի նպատակային խնդիրների վրա: Օրինակ՝ մի վարկի քննարկման ժամանակ էլ ասել եմ, որ մի քիչ ուրիշ ձև պետք է լինենք այլևս, բյուջեի քննարկմանն ավելի ուշադիր լինենք, միգուցե շռայլություն է մի փոքր թույլ տրվել, չպետք է թույլ տանք և այդ միջոցները պետք է ուղղենք սահմանապահ գոտիներ, բանակին, տնտեսության զարգացմանը: Իհարկե, վերանայման խնդիր կա, սթափ, առանց զգացմունքայնության, որովհետև զգացմունքայնությունը խանգարելու է»,- ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով երկրում առկա անարդարություններից և պատասխանելով այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ երկիրը թալանած օլիգարխների ունեցվածքը վերցնել և ուղղել բանակը զինելուն, ասաց, թե ծայրահեղ գնահատականներ պետք չի տալ: Ինչու պետք է զինվորը 80-ականների զենքով կռվի հարցի պատասխանը տվել են ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈւ շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը,-հայտարարեց Շարմազանովը: Իսկ քաղաքական առումով, ըստ նրա նախագահն ասել է՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ հայ զինվորը 80-ականների զենքով կարող է կռվել գերժամանակակից սպառազինություն ունեցող ադրբեջանական բանակի դեմ ու հաղթել: «Սա մեսիջ էր ուղղված նաև Ադրբեջանին, որ դու միլիարդավոր դոլարով զենք ես գնում, բայց մեր զինվորը 80-ականների զենքով կարող է քեզ գերազանցել»,- ասաց նա:
