Քանի դեռ չի շտկվել պատմական այդ անարդարությունը, չի հաջողվի հաստատել կայունություն
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների նիստում անդրադարձել է պաղեստինյան պետության ստեղծման հիմնախնդրին: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել պաղեստինյան անկախ պետություն, որը կունենա 1967 թվականի սահմանները. «Ցավոք դեռ շարունակվում է Պաղեստինի օկուպացումը: Չկա օրինական որևէ հիմնավորում, որպեսզի իրենց իսկ պետությունը ստեղծելու հարցում մերժեն պաղեստինցիներին: Եվ քանի դեռ չի շտկվել պատմական այդ անարդարությունը, մեր տարածաշրջանում չի հաջողվի հաստատել կայունություն: Մշտական խաղաղություն ապահովելու միակ եղանակն անկախ, ինքնիշխան Պաղեստինի ստեղծումն է, որը կունենա 1967 թվականի սահմանները և որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը: Ներկա դրությամբ Պաղեստինյան պետությունը ճանաչված է 137 երկրի կողմից: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք նրանց թիվը մեծացնելու ուղղությամբ»:
