Եվրապատգամավորները կոչ են անում
Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ այսօր երեկոյան կայանալիք քննարկումներին ընդառաջ եվրոպացի քաղաքական գործիչներն արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը տարածաշրջանում տիրող մտահոգիչ իրավիճակի շուրջ` կոչ անելով հնարավոր միջոցառումներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղին աջակցելու համար: Նրանցից է Եվրախորհրդարանի Կանաչների/ԵԱԴ խմբի փոխնախագահ, իսպանացի եվրապատգամավոր Խոսեպ-Մարիա Տերիկաբրասը: Նա արդեն ելույթ է ունեցել նախօրեին Եվրախորհրդարանի լիագումար նիստի բացմանը` պահանջելով ներառել Լեռնային Ղարաբաղը խաղաղ բանակցություններին և կոչ անելով ԼՂ լիակատար միջազգային ճանաչմանը` հիմք ընդունելով 1991-ի ժողովրդավարական հանրաքվեն, ինչպես նաև Ղարաբաղի գործող ժողովրդավարական ինստիտուտները և հարգված դատական համակարգը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբի փոխնախագահ Ֆրանսուազա Գրոստետը: Նա գրավոր հարց է ներկայացրել` ցավ հայտնելով քաղաքացիական զոհերի համաև և խնդրելով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին միջոցներ ձեռք առնել ամրապնդելու և պահպանելու համար հրադադարի ռեժիմը: Եվրախորհրդարանի պատգամավոր Խորդի Սեբաստիան դիմում է ուղղել ԵՄ գերագույն հանձնակատարին` ընդգծելով Ղարաբաղցի բնակիչների նկատմամբ Ադրբեջանի իրագործած վայրագություններն ու խնդրելով ԵՄ-ին դադարեցնել «երկուստեք կոչերը» այն իրավիճակում, երբ պարզ է հանցավոր կողմը: «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը ողջունում է այս կարևոր ձայները։ «Հպարտ ենք, որ իրազեկման բարձրացմանն ուղղված մեր ջանքերը տալիս են իրենց պտուղները», - մեկնաբանել է կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
