Ադրբեջանի ԱԳՆ-ը «սադրանք» է որակել Հունաստանի ու Լատվիայի պատգամավորների այցը ԼՂՀ
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիմքեթ Գաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է իր «սև ցուցակում» ներառել ԼՂՀ «ապօրինաբար» այցելա] հույն և լատվիացի պատգամավորներ Գարիֆալի Կանելիին ու Սերգեյս Պոտապկինսին. «Մեր տվյալներով՝ վերոնշյալ պատգամավորներն ապրիլի 11-ին այցելել են ԼՂՀ և հանդես են եկել այնպիսի հայտարարություններով, որոնք ունակ են վնասել ադրբեջանա-հունական ու ադրբեջանա-լատվիական հարաբերություններին: Այցն իրականացվել է տարածաշրջանի համար ոչ պարզ ժամանակում, երբ Ղարաբաղյան շփման գծում տեղի է ունեցել էսկալացիա: Մենք դա որակում ենք որպես սադրանք և մտադիր ենք նրանց ներառել Ադրբեջանի «սև ցուցակում»»: Գաջիևը հավելել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն իսկ Հունաստանի ու Լատվիայի դեսպանատների ուշադրությունն է հրավիրել պատգամավորների այդ քայլերի վրա: Ադրբեջանի ԱԳՆ-ն օտար ԶԼՄ-ներին «օբյեկտիվության» կոչ է արել ԼՂ-ի վերաբերյալ դեպքերը լուսաբանելիս: Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ այն ԶԼՄ-ները, որոնք մտադիր են աշխատել ԼՂՀ-ում, «պետք է» հավատարմագրման համար էլեկտրոնային փոստով դիմեն իրենց:
