Վարդան Օսկանյանը պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանին
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքների եւ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանինն է:Վարդան Օսկանյանը Առաջին նախագահի հայտարարություններին անդրադարձել է բավական ծավալուն գրառումով, ներկայացնելով 1998-2008 թվականների արտաքին քաղաքականության եւ տնտեսական զարգացումների որոշակի համայնապատկեր:«Ուշադրությամբ կարդացի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և ուզում եմ արձագանքել դրանում տեղ գտած Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակի և իմ նախարարության շրջանի արտաքին քաղաքանությանը վերաբերող որոշ մտքերի և մեղադրանքների:Նախ նշեմ 1998-2008 թթ. Հայաստանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում միայն Թուրքիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող մի քանի անհերքելի փաստեր:Առաջին, հնարավոր է եղել արտաքին քաղաքականության օրակարգ ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և հասնել տասնհինգ նոր երկրների կողմից այդ փաստի ընդունմանը՝ միաժամանակ կարողանալով պահպանել Թուրքիայի հետ բոլոր տեսակի դիվանագիտական շփումները:Երկրորդ, հնարավոր է եղել ապացուցել աշխարհին և հայաստանյան հոռետեսներին, որ հակառակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակմանը՝ կարելի է տարիներ շարունակ ունենալ երկնիշ տնտեսական աճ, ներգաղթ, իսկ ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ հասնել բանակցային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրմանը:Երրորդ, հնարավոր է եղել տասը տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով պահպանել, թեկուզ և փխրուն, խաղաղությունը և խուսափել մեծ թվով զոհերից և ավերածություններից: Դա հաջողվել է ոչ միայն ռազմական հավասարակշռության պահպանման, այլև արդյունավետ, թեկուզև դժվար, դիվանագիտական աշխատանքի, տնտեսական աճի և քաղաքական կայունության շնորհիվ:Այժմ անդրադառնամ Լեռնային Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելու, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկությունն ընդունելու և Մադրիդյան փաստաթղթի երևան գալու մեղադրանքներին:2013թ. լույս տեսած իմ «Անկախության ճանապարհով» գրքում մանրամասն անդրադարձել եմ այս երեք թեմաներին: Ղարաբաղի՝ բանակցային կողմ լինելու կամ չլինելու մասով (էջ 184-188), Ցեղասպանության հարցն ուսումնասիրող հանձնաժողովի մասով (էջ 153-154) և Մադրիդյան փաստաթղթի մասով (էջ 198-200): Առանց խորանալու մանրամասների մեջ՝ այդ երեք հարցերի կապակցությամբ ասեմ հետևյալը:Եթե անպայմանորեն պնդում ենք, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, որովհետև չի մասնակցում Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին, ապա պետք է արձանագրել, որ դա տեղի է ունեցել 1997թ. ապրիլին՝ Մոսկվայում, երբ հակամարտության կողմերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, վերջին անգամ հանդիպեցին այդ ձևաչափով: Այդ հանդիպմանը Ադրբեջանի պատվիրակությունը, ոգևորված 1996թ. դեկտեմբերին Լիսաբոնի գագաթաժողովում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունից, նոր պայմաններ փորձեց պարտադրել բանակցային փաստաթղթում: Հայաստանի պատվիրակությունը, որ գլխավորում էի ես, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, մերժեցինք առաջարկվածը: Դրանով ավարտվեց ոչ միայն այդ օրվա հանդիպումը, այլև Ադրբեջանի համառության պատճառով դադարեցին այդ ձևաչափով հանդիպումներն ընդհանրապես:Այդ օրվանից հետո այդ ձևաչափով հանդիպում չի եղել: Այլ կերպ ասած, երբ 1998թ. ապրիլին ես նշանակվեցի արտաքին գործերի նախարար, Լեռնային Ղարաբաղն այդ առումով արդեն մոտ մեկ տարի էր, ինչ նման ձևաչափով չէր մասնակցում բանակցություններին: Այդ մեկ տարվա ընթացքում՝ բանակցությունների ձևաչափի չեղարկումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով շարունակվել են հանդիպումները, և նախագահ Տեր-Պետրոսյանն առնվազն չորս անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահին. մարտի 28-ին՝ Մոսկվայում՝ Ելցինի միջնորդությամբ; ապրիլի 28-ին՝ Ստամբուլում՝ Դեմիրելի միջնորդությամբ; հոկտեմբերի 10-ին՝ Ստրասբուրգում; հոկտեմբերի 23-ին՝ Քիշնևում:Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցն ուսումնասիրող հանձնաժողովին, այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է և տեսանելի: Եղել է Էրդողանի նամակը Քոչարյանին՝ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ, և եղել է Քոչարյանի խիստ մերժողական պատասխանը: Երկու նամակներն էլ հայկական մամուլում հրապարակվել են: Ի դեպ, թուրք պաշտոնյաները ակնհայտ պատճառներով պնդում են, թե Քոչարյանը պատասխան չի տվել իրենց:Վերջապես, Մադրիդյան փաստաթղթի մասին: Հայաստանը դա ընունել է վերապահումներով և միայն որպես բանակցությունների հիմք: Բնական է՝ հետագայում բանակցությունների ընթացքում պետք է պայքարեր փաստաթուղթը առավել ընդունելի դարձնելու համար: Բայց այդ փաստաթուղթը, ինչպես որ ներկայացվել էր կողմերին, հայկական կողմի համար առավել շահեկան լինելու առումով պարզապես համեմատության եզրեր չունի անկախությունից ի վեր բանակցությունների սեղանին դրված որևէ այլ առաջարկության հետ:Առայսօր վեց տարբեր փաստաթղթեր են հայտնվել բանակցությունների սեղանին՝ Հակամարտության հետևանքները վերացնելու ռուսական առաջարկությունը; Մինսկի խմբի համանախագահողների 1997թ. փաթեթային և փուլային առաջարկները; Պրիմակովի ընդհանուր պետության առաջարկը; Քի Վեստի փաստաթուղթը և վերջապես՝ Մադրիդյանը: Այս բոլոր փաստաթղթերը տարբեր ժամանակներում, մասնակի կամ ամբողջությամբ, հրապարակվել են հայկական մամուլում: Կարող եք ինքներդ կարդալ, համեմատել և անել սեփական եզրահանգումները:Վերոնշյալ ամենը՝ իմիջիայլոց։ Նախագահի հարցազրույցում ինձ համար առավել մտահոգիչ և անընդունելի է հետևյալ միտքը. «Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ»։Ես ենթադրում եմ, որ այստեղ խոսքը վերաբերում է իշխանությունների՝ առհասարակ անցած ութ տարիների սխալներին և բացթողումներին։ Բայց հարգարժան պարոն նախագահը բոլորից լավ պետք է իմանա, որ նախ՝ այդ բանակցությունները կարող են ամիսներ և նույնիսկ տարիներ տևել: Եվ երկրորդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ հերքելու այն կեղծ թեզը, որ արժանավայել պետություն կառուցելու մեր պահանջատիրությունը, մեր քաղաքական այլախոհությունը կարող են վտանգել մեր անվտանգությունն ու պետականությունը։Իսկապես, տարիներ շարունակ փոխանակ ղարաբաղյան մեր հաղթանակները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը լինեին մեր հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման հիմնական խթանը, Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգությունները և պատերազմի սպառնալիքները դարձել են մեզ կաշկանդելու, հաճախ մարդու իրավունքների, արդարության ու քաղաքական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի առաջընթացն ու ժողովրդավարացումը խանգարող գործոններ:Նախկինում ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է սխալների ու բացթողումների համար իշխանություններից հաշիվ պահանջենք։Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է գնանք քաղաքական արմատական բարեփոխումների, ամրապնդենք ժողովրդավարությունը և ստեղծենք ամուր պետություն:Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք հնարավորինս շուտ պետք է վերջ տանք նյութական մսխումներին, չարաշահումներին և հանրային միջոցներն ուղղենք պետության զարգացմանն ու բանակի արդիականացմանը։Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք:Բանակցություններում իրեն ինքնավստահ կարող է զգալ միայն այն երկրի ղեկավարը, ով ներքուստ գիտի, որ ընտրվել է ժողովրդի ազատ կամքով: Այն ղեկավարը, որի հետևում ուժեղ և արդիական բանակ է, հակակշիռների վրա կառուցված արդյունավետ պետական համակարգ, առողջ հասարակություն և ուժեղ տնտեսություն», գրում է Վարդան Օսկանյանը:
