Երկու տղամարդ էլ մահացան «խոզի» գրիպից
Առցանց լրատվամիջոցներում քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ H1N1 վիրուսից ևս մեկ մարդ է մահացել: Մահացածը 50-ամյա տղամարդ է: Մահը գրանցվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում : Հայելի.am-ը կապ հաստատեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի լրատվական ծառայության հետ: Այստեղ սակայն մեզ ոչինչ հստակ չասացին: Մեզ հետ զրույցում հերթապահ բժիշկը խնդրեց, որ ժամուկեսից զանգենք, բայց երբ պնդեցինք, որ ժամուկեսից զանգելու իմաստ չի լինի` օպերատիվության տեսանկյունից, մեր զրուցակիցը նկատեց. «Հերթապահ բժիշկն եմ, բայց ես ոչնչից տեղյակ չեմ»: Ստացվում է` հիվանդանոցից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին տեղեկատվությունը: Քիչ առաջ էլ Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը իր ֆեյսբուքի էջում գրառել է.«Եվս մեկ անգամ հորդորում ենք բուժօգնության դիմել ժամանակին :Այսօր արձանագրվել է մահվան 2 դեպք։ 60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել» Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հայաստանին պատուհասել են սուր շնչառական հիվանդությունները և խոզի գրիպից արդեն 10-րդ մարդն է մահանում: Աստղիկ Ավագյան
