Վարչապետն արագ պետք է որոշի ու գնա. Գուրգեն Եղիազարյան
Hayeli.am-ի հետ զրույցում ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն, անդրադառնալով ԵԱՏՄ-ում նախագահող երկրի` Ղազախստանի կողմից Երևանում ապրիլի 8-ին նախատեսված կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխելու առաջարկին ՀՀ վարչապետի դիրքորոշմանը, նշեց. «Կարծում եմ` վարչապետը պետք է մասնակցի: Հովիկ Աբրահամյանը պետք է արագ որոշում կայացնի և գնա. մեկ երկու հայտարարությունների համար չարժե հրաժարվել: Տեսեք`ինչպես Ռուսաստանը կանխեց պատերազմը, որը հրահրվեց Թուրքիայի կողմից: Ուշադիր նայեք և կտեսնեք` ինչպես էր այդ օրերին ակտիվ գործում ռուսական մամուլը: Ռուսական ռադիոները, հեռուստաեթերները լցված էին Արցախի մասին պատմող նյութերով: Ողջ չորսօրյա պատերազմի ընթացքում ռուսական մեդիադաշտը շատ ակտիվ է եղել: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց Ռուսաստանն իրավունք չունի մեկի կամ մյուսի կողմը պահել: Ցանկացած քայլ`ընդդեմ Ադրբեջանի, մեր դեմ դուրս կբերեր այլ պետությունների: Այնպես որ, եկեք խնդրենք մեր վարչապետին, որ գնա և ԵԱՏՄ-ում մասնակցի կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը»,-խոսքը եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը`շեշտելով, որ Հովիկ Աբրահամյանի գնալն առաջին հերթին բխում է Հայաստանի պետականության շահերից: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 7-ին ընդունեց պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ի թիվս այլ հարցերի ՀՀ վարչապետը ՌԴ կառավարության ղեկավարի հետ զրույցում նշել է, որ ԵԱՏՄ-ում նախագահող երկրի` Ղազախստանի կողմից Երևանում ապրիլի 8-ին նախատեսված կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխելու առաջարկը լուրջ հիմքեր չունի: «Ցանկանում եմ ընդգծել, որ նման գործելաոճն անընդունելի է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Իր հերթին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կասկած է հայտնել Հովիկ Աբրահամյանի` նիստից հրաժարվելու հայտարարության վերաբերյալ` պնդելով որ ՀՀ վարչապետը պետք մասնակցի այդ հանդիպմանը: «Հաշվի առնելով ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը Մոսկվա տեղափոխելու որոշումը, ցանկանում եմ տեղեկացնել, որ պայմանավորվել ենք այդ նիստը կարճաժամկետ հատվածում անցկացնել նաև Հայաստանում, ինչպես այն նախատեսված էր: Ընթացիկ տարվա փետրվարի մեկից աշխատանքի է անցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որի նախագահությունը մոտակա չորս տարիների ընթացքում ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սուրենի Սարգսյանը, նախկին վարչապետը»,- իր հերթին՝ հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասել է Դմիտրի Մեդվեդևը:
