«Զինվորիս հետ»` Ֆիլհարմոնիկը նախաձեռնել է բացօթյա համերգ-դրամահավաք
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 9-ին՝ շաբաթ օրը, երեկոյան ժամը 19:00-ին, նախաձեռնում է բացօթյա համերգ եւ դրամահավաք: «Զինվորիս հետ» խորագրով միջոցառումը տեղի կունենա Կասկադ համալիրում:
Շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան) եւ Արա Գևորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները:
Ինչպես նշված է մամուլի հաղորդագրությունում, ծրագիրը կներառի գերազանցապես հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաեւ հայրենասիրական երգեր եւ Արա Գևորգյանի հայտնի մշակումներից: Ոգեշնչող ելույթներով հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ:
Բեմահարթակի մոտ տեղադրված կլինեն արկղեր, որոնց մեջ հավաքվելիք գումարը համապատասխան կառույցների վերահսկողությամբ կտրամադրվի 4-օրյա պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների եւ ավիրված տարածքների վերականգնման կարիքները հոգալուն:
