Մայրն անընդհատ ցանկացել է բացել որդու դագաղը՝ չիմանալով, որ գլուխը կտրել են
«Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց.«Հայերն ու եզդիները դարեր շարունակ բարեկամներ են եղել, և Հայաստանում ապրող եզդի համայնքն իր երկիրն է համարում ՀՀ-ն ու պատրաստ է պաշտպան կանգնել ու սատարել: Անկախ ազգությունից, դավանանքից` բոլոր հայաստանցիները հաղթեցին: Մենք ունեցանք նաև կորուստներ, բայց մենք միջազգային իրավունքի խախտումներ թույլ չենք տվել. մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, 12 տարեկան երեխայի չենք սպանի, մեծահասակի չենք սպանի` ականջները կտրելով: Մեր Քյարամի կտրած գլուխը համացանցով տարածեցին և հրճվեցին: Այս փորձությունից մենք պետք է դասեր քաղենք, միջազգային համապատասխան կազմակերպություններին, ՄԻԵԴ-ին և այլ կազմակերպություններին ներկայացնենք այս ամենը»:
«Ներկա եմ եղել հակառակորդի կողմից խոշտանգված Քյարամ Սլոյանի հուղարկավորությանը և տեսել` ինչպես է զինվորի մայրը, արցունքն աչքերին, Աստծուն խնդրում, որ պատերազմն ավարտվի: Նրան չէին ասել, որ Քյարամի գլուխը կտրված է, նա էլ մտածում էր, թե արկի պայթյունից է որդին մահացել:Անընդհատ ուզում էր բացեր, որ որդուն տեսներ, բայց կողքի հայացքներից էր վատ զգում ու չէր բացում: Ասում էր. «Դե որ ասել են` չի կարելի բացել, ուրեմն չի կարելի»»,- ասաց Շարոյանը:
Նա անդրադարձավ նաև լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակմանը, թե ադրբեջանցիները վերադարձրել են Քյարամ Սլոյանի գլուխը: «Այս ամենի մասին մենք հավաստի ինֆորմացիա չունենք»,- նշեց Շարոյանը և շեշտեց, որ իրենք առանձին նախաձեռնություն չեն ցուցաբերելու` դիմել Եվրոպական դատարան կամ այլ միջազգային կառույցների, պարզապես հայկական կողմին են միանում:
