Սերժ Թանկյանի կոչը
Աշխարհահռչակ երաժիշտ, Sustem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների մասին հաճախ է բարձրաձայնում եւ իր խոսքն ուղղում միջազգային հանրությանը։ Րոպեներ առաջ Սերժ Թանկյանը նոր գրառում է կատարել Facebook-յան իր էջում եւ հրապարակելով զոհված հայ քաջորդիների մասին Փարոս հիմնադրամի հոդվածը՝ կոչ է արել աջակցել նրանց ընտանիքներին: «Ես որոշել եմ գումար նվիրաբերել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այս հիանալի կազմակերպությանը՝ Փարոս հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցելու ցանկություն ունեն։ Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու եւ արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։ Խաղաղություն բոլորին»,-գրել է Թանկյանը:
