Մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները
ԱՄՆ-ի փորձագետները անդրադարձել են ԼՂ հակամարտության կողմերի ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղիներին: Իսկ Վաշինգտոնում ԼՂ-ի ներկայացուցիչը նշել է, որ իրենք բազմիցս են Ադրբեջանին զենք չվաճառելու կոչով դիմել բոլոր երկրներին: ԼՂ-ում ապրիլի 1-ին հրադադարի խախտումից ի վեր, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողություններ սկսելու մեջ: Հակամարտության թեման քննարկելիս՝ բազմիցս խոսվում է լարված այս իրավիճակի հետ կապված Ռուսաստանի շահերի, դերի և իհարկե՝ հակամարտող կողմերի զինամթերքի հիմնական մատակարար լինելու մասին: «Ամերիկայի Ձայն»–ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Իսրայելի Բար-Իլան Համալսարանի Բեգին-Սադաթ կենտրոնի ռազմավարական հետազոտությունների բաժնից Ալեքսանդր Մուրինսոնը ասել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր դերի հավակնություններ ունի և փորձում է հստակեցնել ԼՂ-ում հայկական ուժերի մասին իր դիրքորոշումը: Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից զինամթերքի ձեռք բերման աղբյուրներին: «Ինչպես գիտենք, Ռուսաստանը զենք է վաճառում երկու հակամարտող երկրներին, սակայն տարբերությունն այն է, որ Ադրբեջանը շուկայական գներով է ձեռք բերում այդ զինամթերքը, ինչի համար ծախսել է 2 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ է վերցրել նմանատիպ ռազմական զենքեր գնելու նպատակով: Կարևոր է նշել նաև, որ մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել հակատանկային լազերային հրթիռներ: Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները և դա իհարկե առավելություն է տվել իր ռազմական հնարավորություններին: Թեև Իսրայելը պաշտոնապես չի աջակցում հակամարտության որևէ կողմի, այն ակնհայտորեն Բաքվի հետ սերտ կապեր ունի»: Վաշինգտոնում ԼՂ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նույնպես անդրադարձել է Ադրբեջանին ռազմական տեխնիկա տրամադրելու թեմային, նշելով, որ այդ հանգամանքը միշտ էլ իրենց համար մտահոգիչ է եղել: «Մենք կոչ էինք արել բոլոր երկրներին, ոչ միայն Մինսկի համանախագահող երկրներին, այլ ամբողջ աշխարհին՝ Ադրբեջանին զենք չվաճառել: Քանի որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը պարզ ասում էր իր տեսակետները և ասում էր, թե ինչ էր մտադիր անել այդ զենքի հետ: Մենք շարունակելու ենք մեր կոչերը և հույս ունենք, որ այդ կոչերը ավելի ընկալելի կդառնան, քանի որ այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է և շատ հեշտ կարող է բերել աղետի և մեծ ողբերգության»: Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանքը, այս թեմային անդրադառնալիս, նշել է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ հակամարտող կողմերին զենք վաճառելուց հրաժարվել: Մանրամասները՝ «Ամերիկայի Ձայն»-ում
