Հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այդ մասին ասել է ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: Նախարարի խոսքերով հրատապ գործնական քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար: Զրուցակիցները շարունակեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները: Սերգեյ Լավրովը նշեց, որ իրավիճակի սրման հենց սկզբից Ռուսաստանը ջանքեր է ներդրել կրակի դադարեցման ուղղությամբ։ Նա անընդունելի համարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը, կարեւորեց ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության պահպանումը եւ նման իրավիճակների կրկնության բացառումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում բանակցային գործընթացի շարունակման համար համապատասխան պայմանների ստեղծումը։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները կարեւորեցին հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։ Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին։ Նախարարներն անդրադարձան տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, հայ-ռուսաստանյան երկկողմ օրակարգի հարցերին։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ։ Անդրադարձան Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների պաշտպանության հարցերին, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերին։
