Քննարկել են Արցախի հարցը
Կրեմլի պաշտոնական կայքը հայտնել է, որ ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հետ, որի ընթացքում քննարկել է Ղարաբաղի խնդիրը, Նազարբաեւին տեղեկացրել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ իր հեռախոսազրույցների մասին: Նազարբաեւի հետ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ ամենայնի այդ հեռախոսազրույցը եղել է ոչ այնքան հաճելի: Համենան դեպս դրանից հետո Երեւանում ընդունելով ՌԴ վարչապետ Մեդվեդեւին, Սերժ Սարգսյանն իր դժգոհությունն է հայտնել Երեւանում կայանալիք ԵՏՄ վարչապետների հավաքի չեղարկման մասին որոշման կապակցությամբ, ասելով, թե չգիտե այդ որոշումը որքանով է օգնել Ադրբեջանին, բայց որ վնասել է ԵՏՄ հեղինակությանը՝ հաստատ: Իսկ ինչպես հայտնի է այդ որոշումը եղել է Ղազախստանի պատճառով, համենայն դեպս այդպես է ներկայացվել, թեեւ իհարկե ակնհայտ է, որ թե Մոսկվան, թե Մինսկը չեն էլ փորձել դիմադրել եւ համոզել Ղազախստանին: Եվ ահա այժմ Պուտինը հեռախոսազրույց է ունենում Նազարբաեւի հետ: Ըստ երեւույթին կողմերը քննարկում են Ադրբեջանին հետագա աջակցության քայլերը, քանի որ ակնհայտ է, որ թե Մոսկվան, թե Աստանան զբաղված են այդ գործով եւ նույնիսկ զարմանալու բան չի լինի, եթե պարզվի, որ նրանց մեջ նույնիսկ մրցակցություն կա Ադրբեջանի սիրաշահման համար: Ի դեպ, հետաքրքրական է, որ ինչպես 1994 թվականի հրադադարի դեպքում, այս անգամ էլ աշխուժացել են Ռուսաստանն ու Ղազախստանը, որոնք Բիշքեկի հրադադարի միջնորդներն էին:
