Ալիևը որոշեց դադարեցնել ռազմական գործողությունները՝ կրած մեծ կորուստների պատճառով. Խ. Հարությունյան
Լայնամասշտաբ ռազմական սադրանքը նախաձեռնելիս Ադրբեջանը հույս ուներ հաշված ժամերի ընթացքում գրավել ողջ Լեռնային Ղարաբաղը կամ ռազմավարական նոր դիրքեր, որպեսզի ճնշում գործադրեր հայկական կողմի վրա: Պետք է արձանագրել, որ ադրբեջանական հրոսակների դեմ պաշտպանական մարտեր էր մղում Ղարաբաղի ՊԲ-ն. ՀՀ զինված ուժերը ներգրավված չեն եղել: «Հայկական կողմի խնդիրն, ըստ իս, նվազագույն կորուստներ տալով մեր ունեցած դիրքերը պահպանելն էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեց ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները՝ կրած մեծ կորուստների պատճառով: «Հրադադարը, սակայն, տևական չի լինի, քանի որ Ալիևը ամեն գնով փորձելու է փրկել իր քաղաքական դեմքը ինչպես իր հանրության, այնպես էլ միջազգային տարբեր շրջանակներում»,- հավելեց Հարությունյանը: Հարկավոր է թույլ չտալ, որ այս հակամարտությունները վերաճեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ ներգրավելով ողջ տարածաշրջանը: ԱԺ պատգամավորի խոսքով՝ պետք է նաև ստիպել Ադրբեջանին նստել բանակցային սեղանի շուրջ:
