Տրամաբանություն ունեցող որևէ մարդ Ադրբեջանի` նման պահվածքը չի կարող բացատրել.Դ.Բաբայան
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց,որ երեկ, երբ Ստեփանակերտում հանդիպում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ստեփանակերտի օդային տարածքում հայտնվել է ադրբեջանական անօդաչու սարք, որն անմիջապես ոչնչացվել է Արցախի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: «Իրավիճակն ուղղակի զավեշտի է նման, քանի որ դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ ԼՂՀ-ում համանախագահների հանդիպումն էր ընթանում:Մենք, իհարկե, այդ մասին տեղյակ ենք պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նրանք, բնական է, որևէ բան չկարողացան ասել, քանի որ առողջ տրամաբանություն ունեցող որևէ մարդ Ադրբեջանի` նման պահվածքը չի կարող բացատրել»,-ասաց Բաբայանը: Հարցին, թե Բաբայանի կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ անօդաչուն ուղարկում են հենց այն ժամանակ, երբ համանախագահների հանդիպումն էր ընթանում, նա պատասխանեց, որ իրենք դա բնութագրում են որպես ահաբեկչություն և ապուշություն.«Այս երկու «գաղափարների» միաձումն է դա` այլ կերպ չի կարող դա բացատրվել»:
