Բնականաբար հովանավորներ չունենք.Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ճեպազրույցների ժամին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին լրագրողները հարց ուղղեցին , թե ՌԳ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում բանակցային սեղանին դրված ի՞նչ լուծումների մասին է խոսում, պատասխանեց. «Կազանում ձեռք բերված համաձայնության մասին է խոսքը, որն Ալիևը ձախողեց, և այլ համաձայնություն ձեռք բերված չէ: Մենք պնդում ենք, որ ԼՂՀ-ն պետք է պարտադիր լինի բանակցային կողմ՝ որպես հակամարտող կողմ»: Հարցին, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից, թե Հայաստանը հովանավորներ չունի, կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն կվերանայի ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամակցությունը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե բնականաբար հովանավորներ չունենք, և ավելին՝ դրանց կարիքն էլ չենք զգում: «ՀԱՊԿ-ի հետ կապված անդամ որոշ երկրների հայտարարությունները հեղինակազրկում են այդ կառույցը: Այն սպասելիքները, որ ունեինք, դրանք չիրականացվեցին։ Մեր հույսը պետք է դնեք մեզ վրա։ Հորդորել և հորդում եք, որ եթե կառույց կա, ուրեմն պետք է լինի միասնական՝ հակառակ դեպքում լուրջ վտանգի տակ է այդ կառույցն ու նրա հեղինակությունը»,-ասաց նա։
