Ալիևը խոսում է «Նոր էջի» մասին
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։ Հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը տարածաշրջանային համագործակցության նոր էջ է բացում։ Ալիևն ընդգծել է, որ այդ հանդիպումն իր ներդրումը կունենա տարածաշրջանի կայունության ու խաղաղության ամրապնդման գործում։ Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ տարանցիկ, մաքսային, ծայրահեղականության դեմ պայքարի, զբոսաշրջության ու մշակույթի ոլորտներում փոխգործակցության լավ հնարավորություններ է տեսնում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի համար: «Այս ձևաչափը պատմական հնարավորություն է ստեղծում ինչպես Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների ընդլայնման, այնպես էլ եռակողմ համագործակցության զարգացման համար»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
