Բակո Սահակյանը ԵԱՀԿ ՄԽ-ից Ադրբեջանի նկատմամբ կոշտ և հասցեական քայլեր է ակնկալում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացնում է Նախագահի պաշտոնական կայքը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը կասեցնում և կասեցնելու է մեր հանրապետության անկախության, ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ:
