Բակո Սահակյանը մանրամասներ ներկայացրեց
Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ասաց, այն պահից, երբ հայտնվել է Պաշտպանության բանակի հրամանատարական կետում, ծանոթանալով ստեղծված օպերատիվ վիճակին` տվել է համապատասխան կարգադրություններ, հանձնարարականներ, ցուցումներ, ինչպես նաև Պաշտպանության բանակի հրամանատարին` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին հրաման է տվել կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականցնել միջոցառումներ` հակառակորդի գործողությունները կասեցնելու` նպատակ հետապնդելով ոչնչացնելու նրա կենդանի ուժը և միջոցները: «Երբ մենք Արցախյան ազատագրական շարժման շնորհիվ ձերբազատվել ենք գերությունից, սկսել ենք կառուցել մեր կյանքը համամարդկային արժեքների համաձայն, որովհետև մենք հազարամյակների ընթացքում առաջնորդվել ենք միայն ու միայն այդ արժեքների համաձայն` այդ շրջանում հավատարիմ լինելով ժողովրդավարական երկիր կառուցելու սկզբունքներին, իրականացրել և այդ ուղղությամբ հաջողություններ արձանագրելու ջանքեր ենք գործադրել: Մեր այս տարիները դիտարկվել են միջազգային հանրության կողմից, մենք այս ընթացքում արժանացել ենք տարբեր երկրների` առաքելություն իրականցնող` լինեն դրանք դիտորդական, այլ նշանակություն ունեցող, բարձր գնահատականների, բայց մենք գերությունից ձերբազատված այդ տարիների ընթացքում և մինչ այսօր այդ հաջողություններն իրականացրել ենք և շարունակում ենք իրականացնել` մի ձեռքում ունենալով զենք, մյուս ձեռքում հացի մշակներն օգտագործում են գյուղատնտեսական գործիք` մեր այդ հացը ստեղծելու համար»,- ասաց Բակո Սահակյանը:
