Պետք է հավատալ անկախ լրագրողների խոսքին, ոչ թե հարձակվող երկրին. լիբանանցի լրագրող
Պետք է հավատալ Արցախում աշխատող ոչ տեղացի անկախ լրագրողների խոսքին, ոչ թե մի երկրի, որը փորձում է այլ երկիր գրավել: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Լիբանանյան MTV հեռուստաալիքի լրագրող Ժոզել Կոզեյլին, որն ապրիլի 6-ին եղել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ավերված սահմանամերձ Թալիշ գյուղում եւ անձամբ տեսել Ադրբեջանի արած վայրագությունները: «Շատ տխուր է տեսնել այդ ավերածությունները, որոնք արել են ադրբեջանցիները, տխուր է տեսնել, որ մարդիկ ստիպված լքում են իրենց տները, բայց միեւնույն ժամանակ տեսնում ենք, որ զինվորներն իսկապես պատրաստ են պայքարել իրենց հողի համար, պաշտպանել այն»,-ասել է նա: Ժոզել Կոզեյլին արդեն հասցրել է նաեւ ադրբեջանական ժխտողականության հետ առնչվել. ժամեր առաջ է կարդացել, որ Ադրբեջանը ժխտել է, թե Արցախի դեմ «Սմերչ» զինատեսակ է կիրառել, սակայն ինքն անձամբ է տեսել Ադրբեջանի՝ Արցախի դեմ կիրառած «Սմերչն» ու ռեպորտաժ պատրաստել դրա մասին: «Երեկ իմ ռեպորտաժն հենց «Սմերչի» օգտագործման մասին էր: Մենք եւ հրթիռը տեսանք, եւ դրա պատճառած ավերածությունները: Դա միայն ես չեմ տեսել, այլեւ ոչ տեղացի մյուս լրագրողները: Բնականաբար, դրսում մարդիկ պետք է հավատան անկախ լրագրողների խոսքին, ոչ թե մի երկրի, որը փորձում է մեկ այլ երկիր գրավել»,-ասել է նա:
