Թշնամին ոչնչացրել է զոհերի դիերը առաջնագծից հանող շտապօգնության մեքենաներից մեկը. ՊՆ
ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ երեկ պատերազմի դաշտում բժիշկների հերթական գործողության ժամանակ, երբ փորձել են զոհերի դիերը հանել առաջնագծից, թշնամին ստորաբար կրակել եւ ոչնչացրել է շտապօգնության մեքենաներից մեկը, որի վրա կարմիր խաչ կա: Այնուհետև հիշեցնեց, որ Ժնեւի միջազգային կոնվենցիայով արգելվում է կրակել կարմիր խաչ կրող մեքենայի վրա: Գնդապետ Կամավոր Խաչատրյանի խոսքով` բժշկական ծառայություններն առաջին իսկ օրվանից լիարժեք աշխատանք են տարել: «Բժշկների խիզախությունն անգնահատելի է: Ունեցել ենք հոսպիտալային օղակում մահվան մեկ դեպք: Դա ցավալի է, բայց միայն մեկ դեպքի արձանագրումը գերազանց աշխատանքի արդյունք է: Դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի հոսպիտալում»,- ասաց նա:
