Բուքմեյքերական գրասենյակիների վրա ավազակային հարձակումներ իրականացնողները կալանավորեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երեւան քաղաքի Եղիշե Թադեւոսյան փողոցի 12/2 շենքի բնակիչ, 19-ամյա Գեւորգ Սերոբյանի եւ Երեւան քաղաքի Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Ռաֆիկ Ռաֆայելյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երեւանում «Վիվարո բեթ» բուքմեյերական գրասենյակներում դիմակավորված ու հրազենի գործադրմամբ ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Դատավոր Գագիկ Խանդանյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը եւ Գ. Սերոբյանն ու Ռ. Ռաֆայելյանը դատարանից տեղափոխվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 28-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի և պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 12/2 շենքի բնակիչ, 19-ամյա Գևորգ Սերոբյանին և Վերին Շենգավիթ 10-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Ռաֆիկ Ռաֆայելյանին:



