Աբովյանի բժշկական կենտրոնն անվանակոչվեց Ռուբիկ Հարությունյանի անունով
Ռուբիկ Հարությունյանի անունով անվանակոչված Աբովյանի Բժշկական կենտրոնի բակում բացվեց վաստակաշատ բժշկի կիսանդրին: Անվանակոչության եւ կիսանդրու բացման արարողությանը մասնակցում էին Կոտայքի մարզի եւ Աբովյան քաղաքի վարչական պատասխանատուները, Ռուբիկ Հարությունյանի հարազատներն ու ընկերները, աշխատանքային գործընկերներն ու նրա վաստակը գնահատող բազմաթիվ մարդիկ: Ռուբիկ Հարությունյանի աշխատանքային կենսագրության երկարատեւ տարիները կապված են Աբովյանի առողջապահական հաստատության հետ՝ շարքային բուժակից մինչեւ բժշկական կենտրոնի տնօրեն: 36 տարիների անձնուրաց, վաստակաշատ աշխատանքն իրապես անգնահատելի հետք է թողել եւ մեծ ավանդ ունեցել Աբովյանի բժշկական կենտրոնի կայացման գործում: Յուրաքանչյուր մարդ, ով առնչվել է հաստատության հետ եւ առիթ ունեցել անձամբ շփվելու Ռուբիկ Հարությունյանի հետ, հաստատապես վկայակոչում է մարդկային ջերմ վերաբերմունքն ու ուշադրությունը, պատրաստակամություն ու հարգանքը: Նրան ճանաչել են շատերը, նրա մասին գործընկերներն ու բնակիչները հիշում են որպես առողջապահության մեծ երախտավորի։ Հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, նա անշահախնդրորեն եւ նախանձելի եռանդով է ծառայել ազգաբնակչության առողջության վերականգնման ու պահպանման վեհ գործին: Ռուբիկ Հարությունյանը կյանքից հեռացավ 64 տարեկան հասակում, ուժերի բեղուն շրջանում՝ երբ այնքան ծրագրեր կային կյանքի կոչելու, նախաձեռնություններ կային՝ իրագործման սպասող: Ռուբիկ Հարությունյանը ծնվել է 1949թ. հունվար 16-ին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: 1976թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» ֆակուլտետը, ստացել է բուժական գծով բժշկի որակավորում: 1972-1974թթ. աշխատել է Աբովյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության կայանում` որպես բուժակ, 1976-1977թթ.` Աբովյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցում` բժիշկ-թերապեւտ ինտերն, 1977թ.` Կապուտանի բժշկական ամբուլատորիայի վարիչ, 1977-1979թթ.` շտապօգնության կայանի վարիչ, 1979-1984թթ.` գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, 1984-1996թթ.` գլխավոր բժիշկ, 1996-1998թթ.` «Աբովյանի մանկական պոլիկլինիկա» ՊՁ տնօրեն, 1998-1999թթ.` ՀՀ Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ, 1999-2007թթ.` «Աբովյանի պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն, 2007-2008թթ.` «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն: Պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով: Եղել է Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: 2008 թ. մայիսի 26-ին ընտրվել է Հ Հ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ չորրորդ գումարման պատգամավոր: Ընդգրկված է եղել ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովում: 2009թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Ռուբիկ Հարությունյանը մահացել է 2013թ. մարտի 24-ին: Նա պատվով անցավ կյանքի իր տարիները եւ վայելեց իրեն շրջապատող մարդկանց անսպառ սերն ու մնայուն հարգանքը: Աբովյանի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը մեծ հուզմունքով եւ ոգեւորությամբ ընդունեց Աբովյանի բժշկական կենտրոնը Ռուբիկ Հարությունյանի անունով անվանակոչելու նախաձեռնությունը: Երկար տարիներ աշխատելով Ռուբիկ Հարությունյանի հետ՝ բուժանձնակազմը իր կողքին մշտապես ունեցել է հմուտ ղեկավար, լավ ընկեր, իմաստուն մարդ եւ խորհրդատու: Այսօր նրանք հպարտությամբ են նշում, որ այսուհետ Աբովյանի բժշկական կենտրոնը կրում է Ռուբիկ Հարությունյանի անունը: «Ինչու՞. որովհետեւ երկար տարիներ Ռուբիկ Հարությունյանի անունը ասոցացվել է Աբովյանի հիվանդանոցի հետ, այնպես ինչպես Աբովյանի հիվանդանոց անունը ասոցացվել է Ռուբիկ Հարությունյանի հետ: Եվ այսօր մենք ունենք մի խորիմաստ համադրություն՝ Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն: Կոլեկտիվը մեծ պարտավորություն է վերցրել իր վրա, ինչպես Ռուբեն Հարությունյանի աշխատանքի տարիներին լինել լավագույններից մեկը Հայաստանի առողջապահական համակարգում, այնպես էլ հիմա աշխատել եւ ապրել այնպես, ինչպես մեզ սովորեցրել է մեր շատ սիրելի Ռուբեն Գեորգիչը»,- նշում են նրանք: Կիսանդրու բացման պատիվը վերապահվեց Ռուբիկ Հարությունյանի թոռնիկներին՝ Ռուբենին, Հենրիկին եւ Սյուզիին:

