LifeNews-ի պարզաբանումը ռուս լրագրողներին արտաքսելու վերաբերյալ. տեսանյութ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, LifeNews-ի ռուս լրագրողները, ովքեր նկարահանումներ էին կատարել Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից շրջաններում հակամարտության սրացման առաջին օրերին վտարվել էին երկրից: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել էր, թե ռուս լրագրողներին երկրից վտարել են «սադրիչ գործունեության» պատճառով: Գաջիևի խոսքով՝ վերջիններս LifeNews-ի ռեպորտաժներում խեղաթյուրել են իրական վիճակը՝ ներկայացնելով ոչ օբյեկտիվ տեղեկություն սահմանային իրադարձությունների վերաբերյալ: Պաշտոնական Բաքվին զայրացրել է, թե ինչպես է LifeNews-ը ներկայացրել իրավիճակն ադրբեջանական Թարթառ (Տերտեր) քաղաքում: Լրագրողը հայտնել էր, որ տեղացիները վախեցած են, խուճապի մեջ են և ստիպված են գիշերել մեքենաների մեջ: LifeNews-ը ռեպորտաժ է պատրաստել՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում: Լրագրողները պարզել են, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի կայքում ոչ մի տեղեկություն չկա ռուս լրագրողներին արտաքսելու մասին: «Իրականում, Ադրբեջանի իշխանությունները փորձել են ստիպել մեր թղթակիցներին նորություններ հաղորդել ԼՂ հակամարտության մասին այնպես, ինչպես իրենց է հարկավոր, և երբ մեր լրագրողները հրաժարվել են, նրանց արտաքսել են երկրից»,- ասված է LifeNews-ի ռեպորտաժում:
