«Ասֆալտային» հայրենասիրության պաթոսը և հաղթանակի էյֆորիան չեն մարել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած հակառակորդը ժամանակավորապես է լռել, և հայտնի չէ, թե վաղն ինչ կլինի, սակայն «ասֆալտային» հայրենասիրության պաթոսը և հաղթանակի էյֆորիան չեն մարել։ Բացի այն, որ ընդդիմությունն ու իշխանությունն ապրիլի 2-ից հետո «իրավիճակի թելադրանքով» սկսել են միմյանց շատ «սիրել», բանը հասել է նրան, որ որոշ ընդդիմադիրներ իշխանություններին շնորհակալություն են հայտնում։ Մասնավորապես, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը գոհունակություն է հայտնել գրեթե բոլոր պետական կառույցներին։ «Որակյալ պատասխանատու ու, ամենակարևորը՝ անձնազոհ աշխատանքի համար։ Եվ եթե այս վերաիմաստավորումը գործածենք մեր աշխատանքի վրա, այսուհետ մեր երկրին հասնող չի լինի, առավել ևս՝ մեզ վրա հարձակվող»,- երեկ ասել է նա Ազգային ժողովում։
