Ադրբեջանական կողմն այսօր խախտել է հրադադարը
Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմն այսօր շարունակել է խախտել հրադադարը՝ ինչպես հյուսիսային այնպես էլ հարավային ուղություններով կիրառելով 60 մմ ականանետեր գնդացիրներ: Բացի այդ հյուսիսային ուղղությամբ հակառակորդի 15 հոգանոց անձնակազմից բաղկացած 2 խումբ փորձել է գրոհել հայկական դիրքերը, սակայն ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել: Այդ մասին օպերատիվ իրազեկման կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Նրա հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմի հրադադարի պայմանավորվածության խախտման արդյունքում այսօր գնդակոծվել է ԼՂՀ ՊԲ վիրավոր զինծառայողներին օգնության շտապող սանիտարական ավտոմեքենան: Անդրադառնալով այսօր Քարվաճառում ՊԲ 2 զինծառայողների զոհվելու պատճառին՝ Վիկտոր Առուստամյանը տեղեկացրել է, որ առայժմ ծառայողական քննություն է ընթանում և չի բացառվում, որ պատճառը լինի միջանձնային հարաբերությունները, սակայն վերջնական պատասխանը՝ թե ինչ պայմաններում են եղել սպանությունները, կլինի միայն քննության ավարտից հետո։
