Զ.Փոստանջյան. Աղաղակող ապացույցներ ունենք, որոնք մեր կողմից դրված չեն շրջանառության մեջ
«Այս 4 օրվա պատերազմը, որ, ես չեմ կարծում, որ ավարտված է, այնուամենայնիվ, 1994 թ.-ից հետո ամենալայնածավալն է եղել իր աննախադեպությամբ, կիրառվող սպառազինությունների մասով: Մենք պետք է ունենանք հստակ պատասխան այս պատերազմին, այն պետք է լինի քաղաքական, իրավական և ռազմական»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա` քաղաքական և իրավական պատասխանը հայկական կողմն ուշացնում է: Զ.Փոստանջյանը նշեց, որ այս պահի դրությամբ` ունենալով աղաղակող ապացույցներ հանցագործության վերաբերյալ, մեր կողմից դրված չեն շրջանառության մեջ: Նրա խոսքով` ՀՀ-ում և ԼՂ-ում կան իրավապաշտպան կազմակերպություններ, և մեր երկու խորհրդարանները կարող են այդ ապացույցները գործի դնել: Զ.Փոստանջյանը նշեց, որ պետք է ստեղծել խումբ, որը կզբաղվի այդ գործառույթներով: Զ.Փոստանջյանը հետաքրքրվեց, թե քաղաքական տեսանկյունից ի՞նչ ենք անելու, որ Արցախի Հանրապետության օրինական ներկայացուցիչներն ընդգրկվեն բոլոր գործընթացներում, և ի՞նչ է արվում Արցախի ճանաչման ուղղությամբ: Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ բոլոր անհրաժեշտ քայլերն այս պահին ուսումնասիրվում են: «Այն ամենը, ինչ տեղի ունեցավ այս օրերին, իրականում ամենատարբեր կոնվենցիաների խախտում էր` միջազգային մարդասիական իրավունքի, ժնևյան կոնվենցիաների, մասնավորապես, պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին, և այլն:
